Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Եթե մեկը խոսի խաղաղապահների տեղակայման մասին, ոչ թե դավաճան է, այլ հակառակորդ»

«Եթե մեկը խոսի խաղաղապահների տեղակայման մասին, ոչ թե դավաճան է, այլ հակառակորդ»
13.05.2016 | 01:29

Այսօր հակամարտության գոտում հարաբերական անդորր է: Արցախում, սակայն, շատ զինվորականներ, քաղաքական գործիչներ պնդում են, որ սխալ է վերադառնալ նախկին վիճակին, երբ ոչ պատերազմ էր, ոչ խաղաղություն: Հարկավոր էր առաջ գնալ ու Ադրբեջանին պարտադրել մեծ զիջումներ, որպեսզի խաղաղության երաշխիքները մեծ լինեին: Հադրութի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ «Իրատեսն» այս առնչությամբ մի քանի հարց ուղղեց:

-Այսօր «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը կրկին պահպանվում է: Մինչդեռ շատերը կարծում են, որ հայկական կողմը պետք է առաջ գնար: Ի վերջո, այս անորոշությունն ինչպե՞ս պետք է ավարտվի:
-Իսկապես ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն: Ամեն պահի կարող է պատերազմը վերսկսվել: Այս պահին թեև կրակոցներ կան, բայց հանգիստ է վիճակը: Կարծում եմ՝ խաղաղության հասնելու համար պետք է ամրապնդենք մեր բանակը, նոր սպառազինությամբ զինենք: Ամեն ինչ պետք է ներդնել բանակի հզորացման վրա, որ եթե Ադրբեջանը նախահարձակ լինի, կարողանանք նրան իր տեղը դնել: Մենք պետք է հակառակորդի գլուխը ջարդենք իր բնի մեջ ու վերջնական խաղաղություն հաստատենք:
-Վերջնական խաղաղության հասնելու համար այս պահին դիվանագիտական հարթությունում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, թե՞ հիմնախնդիրը միայն պատերազմով կարելի է լուծել:
-Որպեսզի բանակցային սեղանին նստես ու առավել ուժեղ լինես, պետք է ունենաս ռեսուրսներ: Իսկ այս հարցում ամենամեծ օգնականը, հիմնական ռեսուրսը հզոր բանակն է: Պետք է ուժի դիրքից խոսել, որպեսզի կարողանաս նախապայմաններ թելադրել: Մեզ պետք են նաև կամքից ուժեղ հրամանատարներ:
-Հզոր բանակ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք: Ռազմական գործիչները վստահեցնում են, որ մենք ունենք մարտունակ բանակ: Ապրիլյան ռազմական գործողություններն էլ ևս մեկ անգամ փաստեցին, որ հայ զինվորն աշխարհի ամենակամային զինվորն է:
-Անշուշտ, մեր բանակը հզոր է, այլապես չէր կարողանա դիմակայել Ադրբեջանի ագրեսիային, կասեցնել նրա առաջխաղացումը: Ցավոք, ունեցանք զոհեր, որովհետև իրենք էին նախահարձակ, և հարվածն անակնկալ էր: Չնայած նրանք զենքի հսկայական առավելություն ունեին, մենք յոթ-ութ անգամ ավելի շատ զոհեր պատճառեցինք նրանց, տեխնիկապես ևս նրանց կորուստները մեծ էին: Այդ իսկ պատճառով մեր առաջնային ու գլխավոր խնդիրը մեր բանակի սպառազինումն է, որպեսզի հակառակորդի նկատմամբ առավելությունը մեծ լինի:
-Այս օրերին Արցախին և՛ սփյուռքից, և՛ Հայաստանից զգալի օգնություն ցուցաբերվեց: Կարծում եք, բոլոր գումարները պետք է բանակի տեխնիկական վերազինմա՞նը տրամադրվեն, և արդյոք այլ ուղիներ չպե՞տք է փնտրել, որ բանակին ֆինանսապես աջակցեն:
-Պետք է գործի դնել բոլոր ուղղությունները, սփյուռքը մեր ռեսուրսներից մեկն է: Գաղտնիության սկզբունքից ելնելով՝ այսօր չենք կարող ասել, թե այդ գումարներն ինչպես են «ծառայում» բանակին, բայց, իհարկե, միայն բանակի մարտունակության մեծացմամբ չպետք է բավարարվել: Հայաստանի իշխանություններին, քաղաքական վերնախավին կուզեի կոչ անել, որ տնտեսությունը զարգացնեն, քանի որ դրանով է պայմանավորված ուժեղ բանակ ունենալը: Այս օրերին մենք սխալներ գործելու իրավունք չունենք, չպետք է շարունակենք նախկինի պես: Եթե Հայաստանի իշխանությունները չվերանայեն ներքին և արտաքին քաղաքականությունը, շատ դժվար է լինելու:
-Այսօր քաղաքական միտքը զբաղված է Հայաստանի կողմից Արցախի ճանաչման նախագծի քննարկումներով: Ի՞նչ եք կարծում, այդ ճանաչումը կզսպի՞ Ադրբեջանի ագրեսիան:
-Վախկոտ մարդիկ կարծում են, որ այդ ճանաչմամբ կարող է պատերազմ սկսվել, ուժեղ քաղաքացին նման բան մտածելու իրավունք չունի: Իհարկե, միայն դրանով չի պայմանավորված պատերազմի չեզոքացումը, բայց այն խիզախ, համարձակ և անհրաժեշտ քայլ է:
-Հայաստանում Արցախի ճանաչման «փոթորիկը» բարձրացավ ու անմիջապես մարեց: Պետական գերատեսչությունները մեկը մյուսին հերթ չտալով սրբագրեցին` Հայաստանն առայժմ չի ճանաչելու ԼՂՀ-ի անկախությունը: Դուք ինչպե՞ս կորակեք այս գործընթացը:
-Դա ոմանք համարեցին խոհեմություն, մյուսները` զգուշավորություն, իսկ ես` վախկոտություն:
-Խաղաղապահների թեման ևս չի «հնանում»: Ո՞ր խաղաղապահը կարող է արցախցու անվտանգությունն ապահովել:
-Եթե մեկը խոսի խաղաղապահների տեղակայման մասին, ոչ թե դավաճան է, այլ հակառակորդ: Ոչ մի խաղաղապահ Ղարաբաղում անելիք չունի: Ամենալավ խաղաղապահ ուժը մեր բանակն է:
-Կարևորեցիք Հայաստանի իշխանությունների քաղաքականության վերանայումը, իսկ ԼՂՀ իշխանություններից ի՞նչ եք սպասում:
-ԼՂՀ իշխանություններն էլ սխալներ ունեն: Եթե Ղարաբաղի իշխանությունների սխալները համեմատենք Հայաստանի իշխանությունների սխալների հետ, սարերի ու ձորերի տարբերություն է: Այստեղ էլ անելիքներ շատ կան, բայց Հայաստանի իշխանություններն ավելի շատ են սխալվել:
-Այս պահին ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ-ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսարևմտյան ուղղությամբ: Կարելի՞ է որևէ ակնկալիք ունենալ այդ դիտարկումից:
-Ինչ ուզում են թող դիտարկեն, ինչ ուզում են թող բացահայտեն: Դա ընդամենն իրենց գործն է: Մենք այլ խնդիր պետք է առաջնային համարենք` բանակի և թիկունքի հզորացում:
-Ի վերջո, այս փուլում հակամարտության շուրջ ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր:
-Չպետք է հրաժարվել բանակցություններից, բայց նոր ձևաչափ պետք է լինի: Նախ Մադրիդյան սկզբունքներից պետք է հրաժարվել, քանի որ դրանք վաղուց արդեն չեն ընդունում հայկական երկու պետությունները: Վերջին զարգացումներն էլ ապացուցեցին, որ այդ սկզբունքներն այլևս չեն կարող աշխատել: Նոր ձևաչափ, ելք է պետք: Հայաստանը պետք է զերծ մնա բոլոր այն ձևաչափերից, որտեղ Ղարաբաղը ներկայացված չի լինելու: Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ այնպես, ինչպես 1994-ին էր:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ